ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մանրուքներ և հավակնոտ ծրագրեր

Մանրուքներ և հավակնոտ ծրագրեր
27.06.2008 | 00:00

Ասում են` սատանան թաքնված է մանրուքներում, և երբ այսօր լավատեսորեն համակված որևէ մեկը փորձի պատկերացնել, թե հատկապես որ քայլերից է կախված մեր երկրում նախաձեռնվող հավակնոտ ծրագրերի իրականացման հաջողությունը, ավելորդ չէր լինի ուշադրություն դարձնել հենց մանրուքներին:
Արդեն մի քանի ամիս է, ինչ Բագրատաշենի մաքսակետը հատող բոլոր ավտոմեքենաներից գանձում են վեց և կես հազար դրամ` Հայաստանից մեկնելիս և այն անվանում ավտոմեքենայի արտահանման համար սահմանված վարձ: Մաքսավորները բացատրում են մեկնողներին, թե դա նաև տվյալ մեքենայի հանդեպ Հայաստանից դուրս հսկողություն սահմանելու համար է: Հետաքրքրիր է, որ այս նորամուծությունը, որը, բնականաբար, երկրի պետական գանձարանի եկամուտների մասի ավելացման նպատակ ունի, դժգոհություն է առաջացնում միաժամանակ թե´ մեկնողների, թե´ հենց իրենց` մաքսավորների մոտ, որոնցից շատերն այս օրերին ուղղակի տագնապի մեջ են:
ա) Հայտնի չէ, թե ինչպես է իրականացվում (եթե իրականացվում է ընդհանրապես) «արտահանվող» ավտոմեքենայի հանդեպ հսկողությունը Հայաստանի սահմաններից դուրս:
բ) Ինչո՞ւ և ինչպե՞ս կարելի է անվանել «արտահանում», ասենք, այն ավտոմեքենան, որի սեփականատերը հարևան բնակավայրից հաճախակի այցելում է սահմանից այն կողմ գտնվող իր ազգականներին կամ ընկերներին ընտանեկան կապերի բերումով կամ որպես անհատ ձեռներեց ցանկություն ունի ինչ-ինչ փոքր առևտրական գործունեություն ծավալել:
գ) Եթե մեկնելիս սահմանված գումարը «արտահանման» վարձ է կոչվում, ապա այդպես էլ չի հաջողվում հստակեցնել, թե ինչ է կոչվում նույնքան` վեց և կես հազար դրամ վարձը, որը պարտադիր գանձում են Հայաստան վերադառնալիս: Արդյո՞ք Հայաստանում ևս հսկողություն է սահմանվում յուրաքանչյուր ավտոմեքենայի համար, և ինչպե՞ս է դա իրականացվում:
դ) Ի՞նչ պետք է անի այն մարդը, որը վատնել է իր բոլոր նյութական միջոցները ճամփորդելիս կամ կորցրել է դրանք: Սահմանի ո՞ր հատվածում պետք է թողնի իր ավտոմեքենան` մինչև պահանջվող գումարը հայթայթելը. վրացակա՞ն սահմանի մոտ, թե՞ հայկական: Պարզվում է, որ եղել են նաև նման գրեթե անելանելի վիճակներ, ինչը հանգեցրել է խցանումների:
ե) Պատկերացնու՞մ եք, եթե նման վարձավճար մտցնեն նաև վրացի մաքսավորները: Դրանով որքա՞ն կդժվարանան առանց այն էլ ոչ միանշանակ գնահատվող հարաբերությունները երկու հարևան պետությունների միջև, և որքանո՞վ կտուժի հասարակ քաղաքացին:
զ) Թղթարարությունը այս օրերին տեղում անձնագրի և այլ փաստաթղթերի պատճենահանման և մաքսավորների պատուհանների մոտ կուտակված ձևակերպումների համար պահանջում է առնվազն մեկ ժամ ժամանակ: Ընդսմին, հաշվի չեն առնվում մինչ այդ ավտոմեքենաներում ընտանիքների մեծ և փոքր անդամների բնականորեն առաջացող բազմաթիվ կարիքները:
է) Ամռան ամիսներին ավանդաբար հանգստի մեկնող հայաստանաբնակները պետք է սրբագրեն մի քանի ժամ Բագրատաշենի ոչ այնքան գրավիչ սահմանակետում անցկացնելու և իրենց ամառային հանգստի երթուղիները վերանայելու ծրագիրը։
ը) Ստեղծված իրավիճակը ոչնչով չի կարելի մխիթարական համարել նաև շարքային մաքսավորների համար, որոնք այս ընթացքում պետք է սպասարկեն ոչ միայն հանգստի մեկնողներին, այլև ժամանակ վատնեն ամռան ամիսներին որոշակի աշխուժության աստիճանի հասած գործարարների, նրանց ապրանքների մեծ քանակների ձևակերպումների վրա:
Կարելի է անպատեհությունների և դժգոհության առիթների ու հիմնավորումների շարքը շարունակել, հատկապես հաշվի առնելով ուրախ և տխուր առիթներով Ջավախք և Վրաստանի այլ հայաբնակ վայրեր մեկնողների ու վերադարձողների, գիտական և այլ բնույթի հանդիպումների, գիտաժողովների մասնակիցների վիճակը, սակայն ավելի կարևոր է վերլուծել նման հանգամանքները` որոշումներ կայացնելուց առաջ: Վստահ կարելի է ասել, որ նման իրավիճակում խոսել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական և այլ հարաբերությունների զարգացման մասին, առավել ևս` Վրաստանի միջոցով մերձավոր և հեռավոր արտերկրի հետ ակտիվ կապերի հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, մեղմ ասած, վաղաժամ է: Հիշատակված մանրուքները լուրջ խոչընդոտի են վերածվում լայնածավալ ծրագրերի իրագործման համար:
Ի վերջո, հասկանալի է, որ կարելի է և անհրաժեշտ է նոր միջոցներ որոնել երկրի պետական գանձարանի եկամուտներն ավելացնելու համար: Սակայն դրա համար, անգամ եթե հիմնավոր լինեն «արտահանման» վարձի կամ «վերահսկողության», ինչպես նաև վերադառնալիս` այլ անհասկանալի վարձերի գանձումը (համեմատության համար ասենք, որ, օրինակ, ինքնաթիռով մեկնողներից միայն մեկ անգամ է գանձվում այնքան դժվար հաշվառելի «օդի տուրքը». մարդիկ գոնե հայրենիք վերադառնալիս նման կամ այլ տուրք չեն վճարում), ապա, ինչպես դա ընդունված է տարբեր երկրներում, ասենք, վճարովի ճանապարհներով երթևեկողների համար, գործում է չափազանց պարզ մեխանիզմ. վարորդները նախապես պատրաստած կանխիկ գումարը կամ պլաստիկ քարտերով կատարում են գրեթե ակնթարթային մուծումներ: Մյուս կողմից, պետական գանձարանի եկամուտները կարող են զգալիորեն ավելանալ, նախևառաջ` մաքսանենգության վերացման և մաքսատուրքերը բոլորի համար պարտադիր պայման դարձնելու պարագայում:
Միգուցե արժե՞ր ուսումնասիրել այսպիսի «մանրուքների» գծով արտերկրում կուտակված ուսանելի փորձը` մինչ բոլորի համար պարտադիր նման անհասկանալի որոշումներ կայացնելը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 10482

Մեկնաբանություններ